National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.09.2022
Օրենսդրական առաջարկ՝ ուղղված ազդարարման համակարգի կատարելագործմանը
1 / 11

Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է ազդարարման հետ կապված հարաբերությունները տարածել նաեւ մասնավոր ոլորտի կազմակերպությունների եւ համայնքային կազմակերպությունների վրա, նախատեսել կոռուպցիոն բնույթի հանցագործություն չհանդիսացող իրավիճակներում ազդարարում տալու, այդ թվում՝ անանուն ազդարարելու հնարավորությունը՝ միաժամանակ սահմանելով ազդարարման նման դեպքերը քննող իրավասու մարմին: «Ազդարարման համակարգի մասին» եւ մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ազդարարման համակարգի զարգացման եւ կատարելագործման, ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ: Ոլորտի խնդիրներն ու նոր կարգավորումները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր իրավասության շրջանակում կապահովի միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված յուրաքանչյուր ազդարարման հաշվառումը, քննարկումը, միջոցների ձեռնարկումը եւ անհրաժեշտության դեպքում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցումը: Առաջարկվում է հստակեցնել ազդարարներին տրվող պաշտպանության մեխանիզմները:

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես իրավասու մարմին, տարեկան հաղորդման շրջանակում կամփոփի ազդարարման վերաբերյալ համապատասխան վիճակագրությունը, որը ենթակա կլինի հրապարակման:

Կնախատեսվի ազդարարման նոր տեսակ՝ ազդարարում հանրությանը: Նպատակն է ստեղծել գործուն մեխանիզմներ կոռուպցիայի դեմ պայքարում՝ ապահովելով հասարակության իրազեկվածության բարձրացումը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում աշխատանքային քննարկման շրջանակում օրենսդրական փաթեթը կլրամշակվի:

Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացության է արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 2-ի նիստում:

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ եւ ստացել դրական եզրակացություն: Նախագծով քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ վեց ամիս է սահմանվելու: Ժամկետը կարող է հանձնաժողովի առաջարկությամբ եւ ԱԺ որոշմամբ երկարաձգվել երկու անգամ՝ մինչեւ վեց ամիս ժամկետով:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար օրենսգրքի 189.7-րդ հոդվածով նախատեսված տուգանքի չափն ավելացնել. սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով տուգանքը դարձնել երեսնապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով, իսկ նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով տուգանքը դարձնել հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով: Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am